Ծառայություններ

«Բոնուսային Խցիկ» ԱԿՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Ընկերություն») սույնով տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ «Մերիդիան» Էքսպո Կենտրոն (հասցե՝ ՀՀ, ք Երևան 0015, Ոսկերիչների փ․, շենք 1) ցուցահանդեսային համալիրում անցկացվող «DigiTec 2026» ցուցահանդեսի (այսուհետ՝ «Ցուցահանդես») ընթացքում իրականացնում է նոր հաճախորդների ներգրավումը խթանող ծրագիր՝ «Բոնուսային Խցիկ» ակցիան (այսուհետ՝ «Ակցիա»)։

Սույն փաստաթուղթը (այսուհետ՝ «Պայմաններ») հանդիսանում է Ակցիայի իրականացման պայմանները, կարգը, մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Ակցիայի կազմակերպման և իրականացման մեխանիզմները սահմանող պաշտոնական փաստաթուղթ։ Այն նպատակ ունի ապահովել Ակցիայի անցկացման թափանցիկությունը, հավասար հնարավորությունները և հստակ կանոնները բոլոր այն անձանց համար, ովքեր կցանկանան մասնակցել Ակցիային։

Ակցիային մասնակցելուց առաջ յուրաքանչյուր ֆիզիկական անձ պարտավոր է մանրամասնորեն ծանոթանալ Պայմանների բոլոր դրույթներին, հասկանալ դրանց բովանդակությունն ու հետևանքները։ Ակցիային մասնակցությունը հավասարեցվում է սույն Պայմանների լիարժեք ընդունմանը և դրանց հետ համաձայնությանը՝ առանց որևէ վերապահության։

Սույն փաստաթուղթը հրապարակվում է Ընկերության պաշտոնական կայքում, տեղադրվում է Ցուցահանդեսում Ընկերության տաղավարում և հանդիսանում է Ակցիայի պայմանների միակ վավեր աղբյուրը։ Ընկերությունը իրավունք է վերապահում կատարել լրացումներ կամ փոփոխություններ Ակցիայի պայմաններում՝ հրապարակային ծանուցմամբ։ Նման փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե վերջիններիս մեջ այլ բան նախատեսված չէ, և չեն տարածվում այն Մասնակիցների վրա, որոնց մասնակցությամբ մինչև փոփոխությունների հրապարակումը կազմվել է Արձանագրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունները բարելավում են Մասնակիցների վիճակը։

1. Պայմաններում կիրառվող հիմնական հասկացությունները

Բրոքերային Հաշիվ՝ հաշվառում, որը բացվում է հաճախորդի անունով Ընկերությունում ներդրումային ծառայությունների մատուցման նպատակով՝ հաճախորդի դրամական միջոցների և (կամ) արժեթղթերի հաշվառման, պահառության, առուվաճառքի, փոխանցման և այլ ֆինանսական գործարքների կատարման համար՝ համաձայն ներդրումային ծառայությունների պայմանագրի, Ընկերության ներքին իրավական ակտերի և ՀՀ կիրառելի օրենսդրության։

Բրոքերային Պայմաններ՝ Ընկերության կողմից բրոքերային և պահառության ծառայությունների մատուցման պայմանները (պայմանագիրը), Ընկերության սակագները և դրանց անբաժանելի մաս կազմող այլ փաստաթղթերը, որոնք Մասնակիցն ընդունում է Բրոքերային Հաշիվ բացելիս։

Մասնակից՝ ֆիզիկական անձ, որը բավարարում է սույն Պայմաններով սահմանված մասնակցության պայմանները, գրանցվել է Ակցիային մասնակցելու համար և Ակցիայի Իրականացման Ժամանակահատվածում մասնակցել է Մասնակցության Փուլին։

Նոր Հաճախորդ՝ Մասնակից, որը մինչև Ակցիայի Սկիզբը չի ունեցել Բրոքերային Հաշիվ և Հաշվի Բացման Ժամկետում առաջին անգամ բացել է Բրոքերային Հաշիվ Ընկերությունում։

Ակցիոն Խցիկ՝ Ցուցահանդեսում Ընկերության տաղավարում տեղադրված փակ խցիկ, որի ներսում օդային հոսքի միջոցով շարժման մեջ են դրվում Ակցիոն Քարտերը։

Ակցիոն Քարտ՝ Ընկերության կողմից պատրաստված, Ընկերության ապրանքային նշանով թղթե քարտ, որի վրա նշված է՝ (ա) ՀՀ դրամով արտահայտված գումար, կամ (բ) թողարկողի անվանումը (տիկերը) և այդ թողարկողի բաժնետոմսերի քանակ։

Վավեր Ակցիոն Քարտ՝ Ակցիոն Քարտ, որը Մասնակցի կողմից հավաքվել է սույն Պայմանների 18-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան։

Մասնակցության Փուլ՝ 20 (քսան) վայրկյան տևողությամբ ժամանակահատված, որի ընթացքում Մասնակիցը գտնվում է Ակցիոն Խցիկում և հավաքում է Ակցիոն Քարտեր։

Արձանագրություն՝ Մասնակցության Փուլից անմիջապես հետո կազմվող և Մասնակցի ու Ընկերության ներկայացուցչի կողմից ստորագրվող փաստաթուղթ, որով ամրագրվում են Մասնակցի կողմից հավաքված Վավեր Ակցիոն Քարտերը և Բոնուսի կազմը։

Դրամական Բոնուս՝ Մասնակցի կողմից հավաքված Վավեր Ակցիոն Քարտերում նշված ՀՀ դրամով գումարների հանրագումարը, ինչպես նաև սույն Պայմաններով Դրամական Բոնուս համարվող այլ գումարները։

Բաժնետոմսային Բոնուս՝ Մասնակցի կողմից հավաքված Վավեր Ակցիոն Քարտերում նշված բաժնետոմսերը՝ ըստ թողարկողների և քանակի։

Բոնուս՝ Դրամական Բոնուսը և Բաժնետոմսային Բոնուսը միասին կամ դրանցից յուրաքանչյուրն առանձին՝ կախված համատեքստից։

Ակցիայի Իրականացման Ժամանակահատված՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից (այսուհետ՝ «Ակցիայի Սկիզբ») մինչև 2026 թվականի նոյեմբերի 22-ը (այսուհետ՝ «Ակցիայի Ավարտ») ներառյալ՝ Ցուցահանդեսի աշխատանքային ժամերին։

Հաշվի Բացման Ժամկետ՝ Մասնակցության Փուլի ավարտից մինչև 2026 թվականի նոյեմեմբերի 27-ը ներառող ժամանակահատվածը։

Սահմանափակման Ժամանակահատված՝ Բոնուսը (իսկ դրա մասերը տարբեր օրերի հաշվեգրվելու դեպքում՝ Բոնուսի վերջին մասը) Բրոքերային Հաշվին հաշվեգրվելու օրվանից հաշված 6 (վեց) ամիս տևողությամբ ժամանակահատված։

Սահմանափակված Գումար՝ Դրամական Բոնուսի և Սահմանափակման Ժամանակահատվածում Բաժնետոմսային Բոնուսում ներառված բաժնետոմսերի օտարումից ստացված գումարի հանրագումարը։

Ակտիվ Հաշիվ՝ բրոքերային հաշիվ, որի նկատմամբ չի կիրառվել սառեցում կամ սահմանափակում, և որը լիարժեքորեն գործում է Ընկերության ներքին համակարգերում։

ԱԿՑԻԱՅԻ ԷՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2. Ակցիան իրականացվում է բացառապես Ակցիայի Իրականացման Ժամանակահատվածում՝ Ցուցահանդեսի տարածքում գտնվող Ընկերության տաղավարում։ Ակցիան առցանց եղանակով, Ընկերության գրասենյակներում կամ Ցուցահանդեսից դուրս որևէ այլ վայրում չի իրականացվում։

3. Ակցիայի շրջանակներում Մասնակիցը մտնում է Ակցիոն Խցիկ, որտեղ Մասնակցության Փուլի ընթացքում իր ձեռքերով բռնում և հավաքում է օդային հոսքի միջոցով շարժման մեջ գտնվող Ակցիոն Քարտերը։ Մասնակցության Փուլի ավարտին Մասնակցի կողմից հավաքված Վավեր Ակցիոն Քարտերում նշված գումարները և բաժնետոմսերը կազմում են Մասնակցի Բոնուսը, որը սույն Պայմանների 23-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու դեպքում հաշվեգրվում է Մասնակցի՝ Ընկերությունում բացված Բրոքերային Հաշվին։

4. Ակցիային մասնակցությունն անվճար է և պայմանավորված չէ Մասնակցի կողմից որևէ վճարի, խաղադրույքի կամ մուտքավճարի կատարմամբ, ինչպես նաև Ընկերության որևէ ապրանքի կամ ծառայության ձեռքբերմամբ։ Բոնուսի կազմը և չափը որոշվում են Մասնակցի սեփական գործողություններով (ճարպկությամբ, արագությամբ և ուշադրությամբ)՝ Մասնակցության Փուլի ընթացքում։ Ակցիան չի հանդիսանում վիճակախաղ, շահումով խաղ կամ ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող խաղային գործունեության այլ տեսակ։

5. Ակցիոն Քարտերի տեսակները, դրանցում նշված գումարները, բաժնետոմսերի թողարկողներն ու քանակը, մեկ Մասնակցության Փուլի համար Ակցիոն Խցիկում տեղադրվող Ակցիոն Քարտերի կազմը, ինչպես նաև Ակցիայի ընդհանուր բոնուսային ֆոնդը սահմանված են սույն Պայմանների Հավելված 1-ում։ Յուրաքանչյուր Մասնակցության Փուլից առաջ Ակցիոն Խցիկում տեղադրվում են Հավելված 1-ով սահմանված միևնույն կազմով Ակցիոն Քարտեր՝ բոլոր Մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով։

6. Ակցիոն Քարտը չի հանդիսանում արժեթուղթ, վճարային փաստաթուղթ կամ վճարման միջոց, ենթակա չէ օտարման, փոխանակման կամ փոխանցման երրորդ անձանց և ծառայում է բացառապես Բոնուսի կազմը և չափը որոշելու նպատակով։ Ակցիոն Քարտերը Ընկերության սեփականությունն են և Արձանագրությունը կազմելուց հետո ենթակա են վերադարձման Ընկերությանը։

7. Ակցիան հանդիսանում է ժամանակավոր խթանող նախաձեռնություն և չի կարող մեկնաբանվել որպես Ընկերության շարունակական պարտավորություն կամ ծառայությունների փոխհատուցման ձև։

8. Ընկերությունն իրավունք ունի կասեցնել կամ վաղաժամկետ դադարեցնել Ակցիան՝ Ակցիայի բոնուսային ֆոնդի սպառման, տեխնիկական անսարքության, Մասնակիցների կամ այլ անձանց անվտանգության ապահովման նկատառումներով, Ցուցահանդեսի կազմակերպչի որոշմամբ կամ անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում՝ այդ մասին տեղեկացնելով Ընկերության տաղավարում և իր պաշտոնական կայքում։ Ակցիայի կասեցումը կամ դադարեցումը չի ազդում այն Մասնակիցների իրավունքների վրա, որոնց մասնակցությամբ մինչ այդ արդեն կազմվել է Արձանագրություն։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

9. Ակցիային կարող է մասնակցել 18 (տասնութ) տարին լրացած, լիարժեք գործունակ ֆիզիկական անձ, ով՝

• մինչև Ակցիայի Սկիզբը Ընկերությունում չի ունեցել Բրոքերային Հաշիվ,

• Մասնակցության Փուլից առաջ Ընկերության ներկայացուցչին ներկայացրել է անձը հաստատող վավեր փաստաթուղթ և գրանցվել է որպես Մասնակից՝ տրամադրելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

• ստորագրությամբ հաստատել է սույն Պայմաններին ծանոթանալու և դրանց հետ համաձայնվելու փաստը։

10. Ակցիային չեն կարող մասնակցել՝

• Ընկերության աշխատակիցները, Ընկերության կառավարման մարմինների անդամները և նրանց ընտանիքի անդամները (ամուսինը, ծնողները, զավակները, եղբայրներն ու քույրերը),

• Ակցիայի կազմակերպմանը կամ իրականացմանը ներգրավված երրորդ անձանց աշխատակիցները,

• այն անձինք, որոնց համար ՀՀ օրենսդրությամբ կամ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանափակված կամ արգելված է Ընկերությունում Բրոքերային Հաշվի բացումը, այդ թվում՝ միջազգային կամ ազգային պատժամիջոցների (սանկցիաների) ենթակա անձինք։

11. Յուրաքանչյուր անձ Ակցիային կարող է մասնակցել միայն 1 (մեկ) անգամ և ստանալ միայն 1 (մեկ) Բոնուս։ Կրկնակի մասնակցության փորձը, այդ թվում՝ այլ անձի կամ այլ փաստաթղթի օգտագործմամբ, հիմք է տվյալ անձի մասնակցությունը և Բոնուսը չեղարկելու համար։

12. Ակցիային մասնակցության ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ Ընկերությունը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ֆինանսական կազմակերպություն՝ ներդրումային ընկերություն։ Վերջինս հաճախորդների համար բրոքերային հաշիվներ բացելիս (վարելիս) պարտավոր է հետևել ՀՀ օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված որոշակի պահանջների և ընթացակարգերի։ Համապատասխանաբար, Ընկերությունում բրոքերային հաշիվ բացելու համար (այդ թվում՝ սույն Ակցիայի շրջանակներում) անձը, ի թիվս այլնի, պետք է անցնի համապատասխանության ստուգումներ՝ տրամադրելով Ընկերության կողմից հայցվող բավարար փաստաթղթեր/տեղեկություններ, բավարարի Ընկերության՝ հաճախորդների համար սահմանված համապատասխանության պահանջներին, համաձայնվի բրոքերային հաշվի վարման պայմանների՝ Ընկերության հետ մտնելով պայմանագրային իրավահարաբերությունների մեջ։ Մասնակցության Փուլին մասնակցելը և Արձանագրության կազմումը չեն երաշխավորում Մասնակցի համար Բրոքերային Հաշվի բացումը։

13. Ընկերությունն իրավունք ունի մերժել անձի մասնակցությունը Ակցիային կամ դադարեցնել Մասնակցության Փուլը, եթե անձը՝

• գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ այլ թունավոր նյութերի ազդեցության տակ,

• չի կատարում Ընկերության ներկայացուցչի ցուցումները կամ խախտում է հասարակական կարգը,

• իր առողջական վիճակից ելնելով կարող է վնաս պատճառել իրեն կամ այլ անձանց։

14. Մասնակիցը պատասխանատվություն է կրում Ակցիոն Խցիկում իր գործողություններով իրեն, այլ անձանց կամ Ընկերության գույքին պատճառված վնասի համար։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որն առաջացել է Մասնակցի կողմից սույն Պայմանների, անվտանգության կանոնների կամ Ընկերության ներկայացուցչի ցուցումների չպահպանման հետևանքով։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

15. Մասնակցության Փուլին նախորդում է Մասնակցի գրանցումը։ Գրանցումից հետո Ընկերության ներկայացուցիչը Մասնակցին ներկայացնում է Մասնակցության Փուլի անցկացման կանոնները և անվտանգության պահանջները։

16. Մասնակիցը Ակցիոն Խցիկ է մտնում առանց պայուսակների, տոպրակների, գլխարկների և այլ իրերի, որոնք կարող են օգտագործվել Ակցիոն Քարտեր հավաքելու կամ պահելու համար։ Ակցիոն Խցիկում արգելվում է օգտագործել որևէ սարք, գործիք կամ առարկա, ինչպես նաև Ակցիոն Քարտերը տեղադրել հագուստի մեջ, գրպաններում կամ մարմնի վրա։

17. Մասնակցության Փուլը սկսվում է Ընկերության ներկայացուցչի ազդանշանով և Ակցիոն Խցիկում օդային հոսքի միացմամբ և ավարտվում է 20 (քսան) վայրկյան անց՝ ազդանշանով և օդային հոսքի անջատմամբ։ Մասնակցության Փուլի տևողությունը չափվում է Ընկերության ժամաչափով, որի ցուցմունքը վերջնական է։

18. Վավեր Ակցիոն Քարտ են համարվում միայն այն Ակցիոն Քարտերը, որոնք Մասնակցության Փուլի ավարտի ազդանշանի պահին գտնվում են Մասնակցի ձեռքերում։ Վավեր Ակցիոն Քարտ չեն համարվում՝

• Մասնակցության Փուլի ավարտի ազդանշանից հետո վերցված կամ բռնված Ակցիոն Քարտերը,

• Ակցիոն Խցիկի հատակին կամ պատերին, ինչպես նաև Մասնակցի հագուստի մեջ կամ վրա գտնվող Ակցիոն Քարտերը,

• այնպիսի վնասվածք ունեցող Ակցիոն Քարտերը, որոնց վրա նշված արժեքը հնարավոր չէ միանշանակ ընթերցել,

• Ընկերության կողմից չպատրաստված կամ կեղծ քարտերը, ինչպես նաև սույն Պայմանների պահանջների խախտմամբ հավաքված Ակցիոն Քարտերը։

19. Մասնակցության Փուլի ավարտից անմիջապես հետո Մասնակիցը Ակցիոն Քարտերը հանձնում է Ընկերության ներկայացուցչին, որը Մասնակցի ներկայությամբ կատարում է դրանց հաշվարկը և կազմում Արձանագրություն 2 (երկու) օրինակից՝ սույն Պայմանների Հավելված 2-ով սահմանված ձևով։ Արձանագրությունում նշվում են՝

• Մասնակցի անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

• Մասնակցության Փուլի անցկացման ամսաթիվը և ժամը,

• Վավեր Ակցիոն Քարտերի քանակը, Դրամական Բոնուսի չափը և Բաժնետոմսային Բոնուսի կազմը (թողարկողը և բաժնետոմսերի քանակը),

• անվավեր ճանաչված Ակցիոն Քարտերի քանակը և դրանք անվավեր ճանաչելու հիմքը։

20. Արձանագրությունը ստորագրվում է Մասնակցի և Ընկերության ներկայացուցչի կողմից։ Մասնակցի կողմից Արձանագրության ստորագրումը հավաստում է Մասնակցության Փուլի արդյունքի և Բոնուսի կազմի հետ նրա համաձայնությունը։ Արդյունքի հետ անհամաձայնության դեպքում Մասնակիցն իր առարկությունը նշում է Արձանագրությունում։ Արձանագրությունը ստորագրելուց առանց հիմնավորման հրաժարվելը հավասարեցվում է Բոնուսից հրաժարվելուն։

21. Մասնակցության Փուլը և Ակցիոն Քարտերի հաշվարկը տեսաձայնագրվում են Ընկերության կողմից։ Տեսաձայնագրությունը և Արձանագրությունը վիճելի իրավիճակներում հիմք են ընդունվում Մասնակցության Փուլի արդյունքը որոշելու համար։

22. Ակցիոն Քարտի վրա տպագրական կամ տեխնիկական սխալի առկայության դեպքում (այդ թվում՝ եթե Ակցիոն Քարտում նշված է Հավելված 1-ով չնախատեսված արժեք) տվյալ Ակցիոն Քարտի արժեքը որոշվում է Հավելված 1-ով սահմանված համապատասխան տեսակի Ակցիոն Քարտի նվազագույն արժեքով։

ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

23. Բոնուսը հաշվեգրվում է Մասնակցի Բրոքերային Հաշվին, եթե Մասնակիցը Հաշվի Բացման Ժամկետում միաժամանակ բավարարել է հետևյալ պայմանները՝

• Ընկերության բջջային հավելվածի, այլ պաշտոնական առցանց հարթակի միջոցով կամ Ընկերության տաղավարում (գրասենյակում) իր անունով բացել է Բրոքերային Հաշիվ,

• հաջողությամբ անցել է նույնականացման և համապատասխանության ստուգումները և ընդունել է Բրոքերային Պայմանները,

• Բրոքերային Հաշիվն ունի Ակտիվ Հաշվի կարգավիճակ։

24. Բոնուսը հաշվեգրվում է միայն այն անձի Բրոքերային Հաշվին, որի անունով կազմվել է Արձանագրությունը։ Բոնուսը չի կարող հաշվեգրվել այլ անձի հաշվին, փոխանցվել, զիջվել կամ փոխարինվել կանխիկ դրամով։

25. Հաշվի Բացման Ժամկետում սույն Պայմանների 23-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում Մասնակցի՝ Բոնուս ստանալու իրավունքը դադարում է, և Ընկերությունը որևէ փոխհատուցում չի տրամադրում։

26. Դրամական Բոնուսը հաշվեգրվում է Բրոքերային Հաշվին սույն Պայմանների 23-րդ կետով սահմանված պայմանների բավարարումից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

27. Բաժնետոմսային Բոնուսում ներառված բաժնետոմսերը Ընկերությունը ձեռք է բերում իր միջոցների հաշվին և հաշվառում է Մասնակցի Բրոքերային Հաշվին սույն Պայմանների 23-րդ կետով սահմանված պայմանների բավարարումից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով համապատասխան կարգավորվող շուկայի աշխատանքային օրերը և հաշվարկների ժամկետները։

28. Բաժնետոմսային Բոնուսը տրամադրվում է Արձանագրությունում նշված բաժնետոմսերի քանակով՝ անկախ դրանց շուկայական արժեքի փոփոխությունից։ Ընկերությունը չի երաշխավորում բաժնետոմսերի որևէ արժեք կամ եկամտաբերություն, և Արձանագրության կազմման պահից բաժնետոմսերի շուկայական արժեքի փոփոխության ռիսկը կրում է Մասնակիցը։

29. Բաժնետոմսային Բոնուսի հաշվառումից հետո բաժնետոմսերի պահառությունը, հաշվառումը, դրանցից ստացվող շահաբաժինների և այլ եկամուտների հաշվեգրումը, կորպորատիվ գործողությունների իրականացումը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքների իրականացումը, դրանց օտարումը և դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաև կիրառելի միջնորդավճարները և սակագները կարգավորվում են Բրոքերային Պայմաններով։ Սույն Պայմանների և Բրոքերային Պայմանների միջև հակասության դեպքում Բոնուսի տրամադրման, դրա նկատմամբ սահմանափակումների և հետ գանձման հարցերում կիրառվում են սույն Պայմանները, իսկ արժեթղթերի պահառության և սպասարկման այլ հարցերում՝ Բրոքերային Պայմանները։

30. Բոնուսի կազմը, հաշվեգրման ամսաթիվը, Սահմանափակված Գումարը, Գործարքի Նվազագույն Ծավալը և Սահմանափակման Ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը արտացոլվում են Ընկերության բջջային հավելվածում։ Բոլոր թվային տվյալների հավատարժան աղբյուրը Ընկերության սերվերային գրանցումներն են։

ԲՈՆՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

31. Սահմանափակման Ժամանակահատվածում՝

• Դրամական Բոնուսը կարող է օգտագործվել միայն Բրոքերային Հաշվի միջոցով արժեթղթեր ձեռք բերելու և Ընկերության միջնորդավճարները վճարելու նպատակով և չի կարող ելքագրվել այլ բրոքերային կամ բանկային հաշիվ,

• Բաժնետոմսային Բոնուսում ներառված բաժնետոմսերը չեն կարող փոխանցվել այլ պահառուի կամ բրոքերի մոտ բացված հաշվին, իսկ դրանց օտարումից ստացված գումարը ենթակա է նույն սահմանափակումներին, ինչ Դրամական Բոնուսը,

• Նոր Հաճախորդը կարող է ելքագրել Բրոքերային Հաշվում առկա դրամական միջոցները միայն այն չափով, որով ելքագրումից հետո Բրոքերային Հաշվում առկա դրամական միջոցների և արժեթղթերի ընդհանուր արժեքը չի նվազում Սահմանափակված Գումարից։

32. Սահմանափակման Ժամանակահատվածի ավարտին Բոնուսի նկատմամբ սահմանափակումները վերացվում են, և Բոնուսը վերջնականապես ձեռք է բերվում Նոր Հաճախորդի կողմից, եթե Սահմանափակման Ժամանակահատվածում Նոր Հաճախորդը միաժամանակ կատարել է հետևյալ պայմանները (այսուհետ՝ «Ազատման Պայմաններ»)՝

• իր անունով բացված բանկային հաշվից մեկ կամ մի քանի անգամ համալրել է Բրոքերային Հաշիվը՝ ընդհանուր առմամբ ոչ պակաս, քան Դրամական Բոնուսի չափը, ընդ որում համալրված գումարը հաշվի է առնվում միայն այն մասով, որը մինչև Սահմանափակման Ժամանակահատվածի ավարտը չի ելքագրվել Բրոքերային Հաշվից,

• Բրոքերային Հաշվի միջոցով կատարել է արժեթղթի առքի կամ վաճառքի առնվազն 1 (մեկ) գործարք, որի ծավալը ոչ պակաս է սույն Պայմանների 33-րդ կետով սահմանված Գործարքի Նվազագույն Ծավալից։

33. Գործարքի Նվազագույն Ծավալը որոշվում է անհատապես՝ յուրաքանչյուր Նոր Հաճախորդի համար, և կազմում է Դրամական Բոնուսի 50 (հիսուն) տոկոսը։

34. Ազատման Պայմանների կատարման համար հաշվի չեն առնվում՝

• Բաժնետոմսային Բոնուսում ներառված բաժնետոմսերի օտարման գործարքները,

• չեղարկված կամ չկատարված գործարքները, ինչպես նաև մասնակի կատարված գործարքները՝ չկատարված մասով,

• միևնույն արժեթղթի առքի և վաճառքի գործարքները, որոնք կնքվել են միևնույն առևտրային օրվա ընթացքում։

35. Եթե Սահմանափակման Ժամանակահատվածում Ազատման Պայմանները չեն կատարվել, Ընկերությունն իրավունք ունի Սահմանափակման Ժամանակահատվածի ավարտից հետո Նոր Հաճախորդի Բրոքերային Հաշվից անակցեպտ կարգով հետ գանձել (դուրս գրել)՝

• Դրամական Բոնուսը՝ ամբողջությամբ,

• Բաժնետոմսային Բոնուսում ներառված բաժնետոմսերը, իսկ դրանց օտարման դեպքում՝ օտարումից ստացված գումարը։

36. Բրոքերային Հաշվում անհրաժեշտ դրամական միջոցների անբավարարության դեպքում Ընկերությունն իրավունք ունի պակասող գումարի չափով օտարել Բրոքերային Հաշվում առկա արժեթղթերը՝ դրանց օտարումից ստացված գումարն ուղղելով պակասող գումարի մարմանը։ Մասնակիցը, ընդունելով սույն Պայմանները, տալիս է իր անվերապահ համաձայնությունը սույն Պայմանների 35-րդ կետով և սույն կետով նախատեսված գործողությունների կատարմանը։

37. Սահմանափակման Ժամանակահատվածում Բրոքերային Հաշիվը փակելու վերաբերյալ Նոր Հաճախորդի դիմումի դեպքում Բոնուսը համարվում է չեղարկված և ենթակա է հետ գանձման սույն Պայմանների 36-րդ կետով սահմանված կարգով՝ մինչև Բրոքերային Հաշվի փակումը։

38. Բոնուսը չի համարվում Ընկերության կողմից դրամական պարտավորություն կամ ֆինանսական պարտք, այլ հանդիսանում է խրախուսման միջոց։ Այն անհատական է, չի կարող փոխանցվել, վաճառվել, փոխանակվել կամ պահանջվել բրոքերային հաշվի անվանատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից՝ որևէ հիմքով։

ՀԱՐԿՈՒՄ

39. Բոնուսը կարող է համարվել հարկվող եկամուտ՝ ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով։ Ընկերությունը, որպես հարկային գործակալ, Բոնուսի հետ կապված եկամտային հարկը հաշվարկում և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

40. Բաժնետոմսային Բոնուսում ներառված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների, դրանց օտարումից ստացվող եկամտի և այլ եկամուտների հարկումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և Բրոքերային Պայմաններով սահմանված ընդհանուր կարգով։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

41. Մասնակիցը, ընդունելով սույն Պայմանները, համաձայնություն է տալիս, որ Ընկերությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մշակի իր անձնական տվյալները (այդ թվում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կապի տվյալները, պատկերը և ձայնը)՝ Ակցիայի կազմակերպման և իրականացման, Արձանագրության կազմման, Բոնուսի տրամադրման, Մասնակցի հետ կապի, վեճերի լուծման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակներով։

42. Մասնակցի պատկերը, անունը և Մասնակցության Փուլի տեսաձայնագրությունը Ընկերության գովազդային նյութերում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում կարող են օգտագործվել միայն Մասնակցի համաձայնության առկայության դեպքում։ Սույն Պայմանները ընդունելով և ստորագրելու դեպքում այդ համաձայնությունը համարվում է տրված, քանի դեռ Մասնակիցը չի տեղեկացրել Ընկերությանը նման համաձայնություն չտալու վերաբերյալ։

ԲՈՆՈՒՍԻ ՄԵՐԺՈՒՄ ԵՎ ՉԵՂԱՐԿՈՒՄ

43. Ընկերությունը իրավունք ունի մերժելու Բոնուսի տրամադրումը կամ չեղարկել այն և հետ գանձել սույն Պայմանների 36-րդ կետով սահմանված կարգով, եթե․

• Ակցիայի մասնակցության պայմանները չեն պահպանվել,

• Մասնակցի կողմից ներկայացված տվյալները կեղծ կամ սխալ են, կամ Բրոքերային Հաշիվը բացվել է Արձանագրությունում նշված Մասնակցից տարբեր անձի անունով,

• Բոնուսը (այդ թվում՝ Արձանագրությամբ սահմանված չափը գերազանցող գումարը կամ բաժնետոմսերը՝ դրական տարբերության մասով) հաշվեգրվել է տեխնիկական կամ ծրագրային սխալի հետևանքով,

• Մասնակիցը կամ երրորդ անձը Ընկերությանը խաբելու նպատակով կատարել է խարդախ գործողություններ, այդ թվում՝ Ակցիոն Խցիկ է ներմուծել կեղծ քարտեր, կամ համաձայնության է եկել այլ Մասնակցի կամ Ընկերության ներկայացուցչի հետ՝ արդյունքում խեղաթյուրելով Ակցիայի նպատակներն ու հանգեցնելով Ակցիայի սխալ կիրառման,

• Մասնակցի նկատմամբ կիրառելի են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքից կամ պատժամիջոցների ռեժիմներից բխող սահմանափակումներ։

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ և ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ

44. Ցանկացած վիճելի իրավիճակում հիմք են ընդունվում Արձանագրությունը, Մասնակցության Փուլի տեսաձայնագրությունը և Ընկերության սերվերի վրա առկա տվյալները։

45. Մասնակիցը կարող է Մասնակցության Փուլի արդյունքի (Բոնուսի կազմի) վերաբերյալ առարկություն ներկայացնել Արձանագրության կազմման օրվանից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում։ Ավելի ուշ ներկայացված առարկությունները քննության չեն ենթարկվի և չեն առաջացնի Ընկերության համար որևէ իրավական հետևանք։ Բոնուսի հաշվեգրման, սահմանափակումների կամ հետ գանձման վերաբերյալ բողոքները քննարկվում են Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։

46. Մասնակիցն իրավունք ունի Ընկերության հետ ծագած վեճի լուծման նպատակով դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

47. Սույն Պայմանների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմերը։

48. Բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Պայմաններով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, Բրոքերային Պայմաններով և Ընկերության ներքին իրավական ակտերով։

49. Սույն Ակցիայի կամ դրա իրականացման հետ կապված ցանկացած վեճ կամ տարաձայնություն ենթակա է քննության ՀՀ իրավասու դատարանների կողմից։

50. Ակցիայի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ Բաժնետոմսային Բոնուսում ներառված թողարկողների ընտրությունը, չի հանդիսանում ներդրումային խորհրդատվություն կամ որևէ արժեթուղթ ձեռք բերելու կամ օտարելու առաջարկ։ Արժեթղթերում ներդրումները կապված են ռիսկերի հետ, և ներդրումների արժեքը կարող է ինչպես աճել, այնպես էլ նվազել։

Հավելված 1

«Բոնուսային Խցիկ» ակցիայի պայմանների

ԱԿՑԻՈՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱԿՑԻԱՅԻ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՖՈՆԴԸ

№Ակցիոն Քարտի տեսակըՔարտերի քանակը մեկ Մասնակցության ՓուլումՔարտերի ընդհանուր քանակը Ակցիայի ընթացքում
1Դրամական5050
2Բաժնետոմսային5050

Ակցիայի ընդհանուր բոնուսային ֆոնդը՝ 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ ներառյալ բաժնետոմսերի շուկայական արժեքները։

Մեկ Մասնակցի Բոնուսը չի կարող գերազանցել մեկ Մասնակցության Փուլի համար Ակցիոն Խցիկում տեղադրվող Ակցիոն Քարտերի ընդհանուր արժեքը։

Հավելված 2

«Բոնուսային Խցիկ» ակցիայի պայմանների

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № ____

Մասնակցության Փուլի արդյունքների վերաբերյալ

ք. Երևան, «Մերիդիան Էքսպո Կենտրոն», «____» նոյեմբերի 2026թ., ժամը ____:____

ՏվյալԼրացվում է
Մասնակցի անունը, ազգանունը
Անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը
Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
Վավեր Ակցիոն Քարտերի քանակը
Դրամական Բոնուսի չափը (ՀՀ դրամ)
Բաժնետոմսային Բոնուսի կազմը (թողարկողը, տիկերը, բաժնետոմսերի քանակը)
Անվավեր ճանաչված Ակցիոն Քարտերի քանակը և հիմքը
Մասնակցի առարկությունները (առկայության դեպքում)

Մասնակիցը հաստատում է, որ՝

• ծանոթացել է «Բոնուսային Խցիկ» ակցիայի պայմաններին և համաձայն է դրանց,

• տեղեկացված է, որ Բոնուսը հաշվեգրվում է միայն մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը Ընկերությունում Բրոքերային Հաշիվ բացելու և Պայմաններով սահմանված այլ պահանջները կատարելու դեպքում,

• տեղեկացված է Բոնուսի նկատմամբ 6 (վեց) ամիս գործող սահմանափակումների, Ազատման Պայմանների և Բոնուսը հետ գանձելու հիմքերի մասին։

☐ Համաձայն եմ, որ իմ պատկերը, անունը և Մասնակցության Փուլի տեսաձայնագրությունն օգտագործվեն Ընկերության գովազդային նյութերում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։

ՄասնակիցԸնկերության ներկայացուցիչ
Անուն, ազգանուն՝ ____________________Անուն, ազգանուն, պաշտոն՝ ____________________
Ստորագրություն՝ ____________________Ստորագրություն՝ ____________________

Թարմացվել է՝