2020-ից 2021 թվականներին կենսատեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ սկսեցին բաժնետոմսեր թողարկել։ 2022 թվականին, սակայն, այս ալիքը մարեց՝ երբ նոր ցուցակված ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ նվազեցին ոլորտի անկման ֆոնին։ Ներդրողները կորցրել էին հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, և մինչև վերջերս այն մնում էր արհեստական բանականության և կրիպտո բումի ստվերում։ Վերջերս այս ոլորտը կրկին սկսեց հետաքրքրել շատ ներդրողների՝ մասնավորապես հաջող կլինիկական փորձարկումների և գենային թերապիայի ու հազվագյուտ հիվանդությունների ոլորտում արձանագրված առաջընթացների շնորհիվ։ Բացի այդ, նկատվել է միաձուլումների և կլանումների (M&A) գործարքների աճ։ Մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ 2025 թվականին հայտարարեցին կենսատեխնոլոգիական ընկերությունների ձեռքբերման մասին․ օրինակ՝ Eli Lilly՝ Verve Therapeutics, Merck KGaA՝ SpringWorks Therapeutics, Roche՝ 89bio, իսկ Novartis՝ Avidity Biosciences։
Մենք կարծում ենք, որ այս ոլորտը ներկայումս կարող է հետաքրքիր լինել երկարաժամկետ, փոքրածավալ ներդրումների համար։ Կարելի է ներդրում կատարել ոչ թե առանձին ընկերության բաժնետոմսերում, այլ ամբողջ ոլորտում՝ օրինակ ETF (exchange-traded fund) ֆոնդի միջոցով, ինչպիսին է iShares Biotechnology ETF (IBB US)-ը, որը ներառում է ամերիկյան ֆոնդային բորսայում շրջանառվող կենսատեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։
Եթե ցանկանում եք ներդրում կատարել նպատակային՝ առանձին ընկերություններում, առաջարկում ենք դիտարկել հետևյալ տարբերակները։

Legend Biotech (LEGN US)-ը կենսատեխնոլոգիական ընկերություն է, որը մշակում է բջջային թերապիաներ։ Ընկերության հիմնական արտադրանքը՝ Carvykti, հանդիսանում է CAR-T տեսակի թերապիա, որն ուղղված է BCMA սպիտակուցին (B բջիջների հասունացման անտիգեն)՝ բազմակի միելոմայի բուժման համար։
Այս թերապիան գործում է՝ փոփոխելով հիվանդի սեփական սպիտակ արյան բջիջները, որպեսզի դրանք կարողանան ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները։ Carvykti թերապիայի կիրառման ընդլայնումը դեպի ավելի վաղ բուժման փուլեր կարող է ապահովել ընկերության եկամուտների կայուն աճ։

Gilead Sciences (GILD US)-ը խոշոր բիոֆարմացևտիկ ընկերություն է, որը մշակում է փոքր մոլեկուլային և կենսաբանական դեղամիջոցներ և զբաղեցնում է առաջատար դիրք ՄԻԱՎ և ՁԻԱՀ հիվանդությունների բուժման ոլորտում։ Gilead-ը նաև արտադրում և շուկա է հանում դեղամիջոցներ արյան, լյարդի, ուռուցքային հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև CAR-T բջջային թերապիա Yescarta՝ քաղցկեղի բուժման համար։ Ընկերությունը գործում է ավելի քան 35 երկրում, սակայն իր եկամտի հիմնական մասը ստանում է ԱՄՆ-ում:

Jazz Pharmaceuticals (JAZZ US)-ը դեղագործական ընկերություն է, որն ունի նյարդաբանության և հեմատոլոգիայի/ուռուցքաբանության ոլորտներում նիշային արտադրանքների լայն շարք, սակայն հիմնականում մասնագիտանում է նատրիումի օքսիբատի և նարկոլեպսիայի բուժման դեղամիջոցների արտադրության մեջ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբլինում (Իռլանդիա)։ Վերջերս Jazz ընկերությունը ստացել է հաստատում իր նոր Modeyso (dordaviprone) դեղամիջոցի համար, որը նախատեսված է ուղեղի հազվագյուտ ուռուցքի բուժման նպատակով։

BioMarin Pharmaceuticals (BMRN US)-ը գլոբալ կենսատեխնոլոգիական ընկերություն է, որը մշակում և արտադրում է դեղամիջոցներ հազվագյուտ գենետիկական հիվանդությունների բուժման համար։ Նրա Vimizim դեղամիջոցը նախատեսված է մուկոպոլիսախարիդոզի VI-A տիպի բուժման համար՝ նյութափոխանակությունը խախտող ֆերմենտի պակասի դեպքում։ Voxzogo-ն օգտագործվում է ախոնդրոպլազիայի բուժման նպատակով, իսկ Naglazyme-ը՝ MPS VI-ով տառապող հիվանդների համար, որը քայքայիչ և կյանքին վտանգ սպառնացող գենետիկական հիվանդություն է։ Palynziq դեղամիջոցը հաստատվել է և շուկա է հանվել ԱՄՆ-ում՝ ֆենիլկետոնուրիայի բուժման համար չափահասների մոտ։ Ընկերության գլխամասը գտնվում է Կալիֆոռնիայում, իսկ արտադրամասերը՝ ԱՄՆ-ում և Իռլանդիայում, սակայն վաճառքները իրականացվում են ամբողջ աշխարհում։

Neurocrine Biosciences (NBIX US)-ը մասնագիտացած է նյարդաբանական, նեյրոհոգեբանական և էնդոկրին հիվանդությունների բուժման դեղամիջոցների մշակման մեջ։ Ընկերությունը մշակում է թերապիաներ՝ ուղղված անհանգստության, դեպրեսիայի, Ալցհեյմերի հիվանդության, անքնության, ինսուլտի, ուղեղի ուռուցքների, ցրված սկլերոզի և այլ խնդիրների բուժմանը։ Գլխավոր արտադրանքներն են՝ Ingrezza՝ շարժողական խանգարումների (օր.՝ ուշացած դիսկինեզիա) բուժման համար, և Crinecerfont, որը նախատեսված է երիկամների կեղևի բնածին հիպերպլազիայի (CAH) բուժման համար։ Ընկերության ամենահեռանկարային նախագծերից մեկն է osavampator դեղամիջոցը՝ խոշոր դեպրեսիվ խանգարման (MDD) բուժման նպատակով։

United Therapeutics (UTHR US)-ը դեղագործական ընկերություն է, որը մշակում է դեղամիջոցներ անոթային հիվանդությունների, մասնավորապես թոքային հիպերտոնիայի և ծայրամասային անոթային խանգարումների բուժման համար։ Ընկերության եկամտի հիմնական մասը ապահովում է Tyvaso դեղամիջոցը, որը նախատեսված է թոքային հիպերտոնիայի ինհալացիոն բուժման համար։ Ընկերության համար հեռանկարային ուղղություն կարող է դառնալ իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի (IPF, Idiopathic Pulmonary Fibrosis) բուժումը, սակայն դրա իրականացումն ամենայն հավանականությամբ սպասվում է ոչ շուտ, քան 2027 թվականի կեսերին։
Կենսատեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ մասնակիցներ կան, և վերը նշված ցանկը ընդգրկում է նրանցից միայն մի քանիսին։
Կենսատեխնոլոգիական ընկերությունները գործում են մի ոլորտում, որտեղ հնարավորությունները մեծ են, բայց ռիսկերը նույնպես զգալի են։ Այս ոլորտի համար բնորոշ են մի շարք ռիսկեր, որոնք կարելի է բաժանել մի քանի հիմնական կատեգորիաների։
1. Զարգացման ռիսկեր (գիտատեխնիկական) Յուրաքանչյուր նոր դեղամիջոց կամ թերապիա անցնում է երկար և ծախսատար ճանապարհ՝ լաբորատոր հետազոտություններից մինչև կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա։ Ցանկացած փուլում նախագիծը կարող է դադարեցվել՝ անբավարար արդյունավետության կամ անվտանգության խնդիրների պատճառով։ Բացի այդ, որոշ փուլերի ձգձգումները կարող են հանգեցնել ծախսերի աճի կամ բաց թողնված եկամտի։ 2. Կանոնակարգային ռիսկեր Յուրաքանչյուր նոր դեղամիջոց պետք է ստանա կարգավորող մարմինների հաստատումը (օրինակ՝ ԱՄՆ-ում՝ FDA, Եվրոպայում՝ EMA)։ Կարգավորողը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ կամ հետազոտություններ, փոխել չափանիշները կամ նույնիսկ մերժել թույլտվությունը։ Տարբեր երկրներում կան տարբեր պահանջներ, ուստի նոր շուկաներ մուտք գործելը պահանջում է հարմարվողականություն։ Ստուգումները և քննությունները կարգավորող մարմինների կողմից սովորական երևույթ են կենսատեխնոլոգիաների և դեղագործության ոլորտներում։ 3. Առևտրային ռիսկեր Նույնիսկ եթե դեղամիջոցը ստանում է հաստատում, դա դեռ չի երաշխավորում առևտրային հաջողություն։ Շուկայում կարող են հայտնվել անալոգներ, այդ թվում՝ ավելի մատչելի տարբերակներ։ Բժշկական ապահովագրական ընկերությունները կամ պետական ծրագրերը կարող են դեղամիջոցի արժեքը փոխհատուցել ոչ ամբողջությամբ, ինչը կարող է սահմանափակել վաճառքները։ 4. Արտադրական ռիսկեր Կենսադեղերի արտադրությունը բարդ գործընթաց է։ Այսպիսի դեղերը պահանջում են բարձր ճշգրտությամբ պայմաններ, իսկ արտադրական գծերը շատ թանկ են։ Ցանկացած խախտում կարող է հանգեցնել արտադրության դադարեցման, իսկ թերի արտադրանքը կամ աղտոտումը՝ արտադրանքի հետ կանչի, տուգանքների և հեղինակության կորստի։ 5. Ֆինանսական ռիսկեր Դեղերի մշակումն ու փորձարկումները պահանջում են հսկայական ներդրումներ, մինչդեռ եկամուտները հայտնվում են միայն տարիներ անց։ Եթե փորձարկումները ձգձգվում են կամ ներդրողները կորցնում են հետաքրքրությունը, ընկերությունը կարող է բախվել ֆինանսական դժվարությունների։
