Ակցիաներ
ՍՏԱՐՏ ԲՈՆՈՒՍ ԱԿՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Ընկերություն») սույնով տեղեկացնում է, որ սկսած 2025 թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկում է նոր հաճախորդների ներգրավումը խթանող ծրագիր՝ «Ստարտ Բոնուս» ակցիան (այսուհետ՝ «Ակցիա»)։ Սույն փաստաթուղթը (այսուհետ՝ «Պայմաններ») հանդիսանում է Ակցիայի իրականացման պայմանները, կարգը, մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Ակցիայի կազմակերպման և իրականացման մեխանիզմները սահմանող պաշտոնական փաստաթուղթ։ Այն նպատակ ունի ապահովել Ակցիայի անցկացման թափանցիկությունը, հավասար հնարավորությունները և հստակ կանոնները բոլոր այն անձանց համար, ովքեր կցանկանան մասնակցել Ակցիային։ Ակցիային մասնակցելու կամ մասնակցության հայտ ներկայացնելուց առաջ յուրաքանչյուր ֆիզիկական անձ պարտավոր է մանրամասնորեն ծանոթանալ Պայմանների բոլոր դրույթներին, հասկանալ դրանց բովանդակությունն ու հետևանքները։ Ակցիային մասնակցությունը հավասարեցվում է սույն Պայմանների լիարժեք ընդունմանը և դրանց հետ համաձայնությանը՝ առանց որևէ վերապահության։
Սույն փաստաթուղթը հրապարակվում է Ընկերության պաշտոնական հաղորդակցման ուղիներով և հանդիսանում է Ակցիայի պայմանների միակ վավեր աղբյուրը։ Ընկերությունը իրավունք է վերապահում կատարել լրացումներ կամ փոփոխություններ Ակցիայի պայմաններում՝ հրապարակային ծանուցմամբ։ Նման փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե վերջիններիս մեջ այլ բան նախատեսված չէ։
Պայմաններում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն Պայմաններում մեծատառերով սահմանված հասկացությունները ունեն ստորև դրանց վերագրված նշանակությունը՝
Բրոքերային Հաշիվ՝
հաշվառում, որը բացվում է հաճախորդի անունով Ընկերությունում ներդրումային ծառայությունների մատուցման նպատակով՝ հաճախորդի դրամական միջոցների և (կամ) արժեթղթերի հաշվառման, պահառության, առուվաճառքի, փոխանցման և այլ ֆինանսական գործարքների կատարման համար՝ համաձայն ներդրումային ծառայությունների պայմանագրի, Ընկերության ներքին իրավական ակտերի և ՀՀ կիրառելի օրենսդրության։
Նոր Օգտատեր (Նոր Հաճախորդ) ֆիզիկական անձ,
որը սույն Ակցիայի իրականացման ժամանակահատվածում առաջին անգամ է բացում (նախաձեռնում) բրոքերային հաշիվ Ընկերությունում և մինչև Ակցիայի մեկնարկը չի ունեցել ակտիվ բրոքերային հաշիվ։
Բոնուս
ֆինանսական խրախուսական միջոց՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով, որը տրամադրվում է Նոր Օգտատիրոջ բրոքերային հաշվին սույն Պայմաններով սահմանված պահանջների կատարման դեպքում։
Ակցիայի Իրականացման Ժամանակահատված՝
2025 թվականի դեկտեմբերի 15-ի ժամը 09:00-ից (այսուհետ՝ «Ակցիայի Սկիզբ») մինչև 2026 թվականի հունվարի 15-ի ժամը 18:00-ն (այսուհետ՝ Ակցիայի Ավարտ» ) ներառող ժամանակահատվածը։
Ակտիվ Հաշիվ՝
բրոքերային հաշիվ, որի նկատմամբ չի կիրառվել սառեցում կամ սահմանափակում, և որը լիարժեքորեն գործում է Ընկերության ներքին համակարգերում։
ԱԿՑԻԱՅԻ ԷՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2. Ակցիան ուղղված է բացառապես այն ֆիզիկական անձանց, ովքեր Ընկերությունում բրոքերային հաշիվ են բացում առաջին անգամ՝ օգտագործելով Ընկերության բջջային հավելվածը կամ այլ պաշտոնական առցանց հարթակ։
3. Ակցիայի շրջանակներում Ընկերությունը իր նոր օգտատերերին, սույն Պայմանների 7-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու դեպքում, տրամադրում է Բոնուս՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով։
4. Ակցիային մասնակցելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ անվերապահորեն գիտակցում է, որ Ակցիան իրականացվում է Ընկերությունում բրոքերային հաշվի բացման ծառայությունների շրջանակներում և ներառում է բացառապես այն Նոր Օգտատերերին, որոնք բրոքերային հաշիվը կբացեն Ակցիայի Իրականացման Ժամանակահատվածում։
5. Ակցիան հանդիսանում է ժամանակավոր խթանող նախաձեռնություն և չի կարող մեկնաբանվել որպես Ընկերության շարունակական պարտավորություն կամ ծառայությունների փոխհատուցման ձև։
6. Ընկերությունը իրավունք ունի Ակցիայի իրականացման ժամկետը երկարաձգել կամ կրճատել՝ առնվազն մեկ օր առաջ համապատասխան ծանուցում հրապարակելով իր պաշտոնական կայքում կամ հավելվածում
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7. Ակցիան կիրառելի այն ֆիզիկական անձի նկատմամբ, ով Ակցիայի իրականցման ժամանակահատվածում ՀՀ օրենսդրության և ՀՀ կիրառելի օրենսդրության նորմերի համաձայն՝
Ընկերության բջջային հավելվածի կամ այլ առցանց հարթակի միջոցով Ընկերությունում բացել է բրոքերային հաշիվ,
Ակցիայի Ավարտին վերջինիս՝ Ընկերությունում բացված բրոքերային հաշիվը ունի «ակտիվ» կարգավիճակ,
8. Ակցիային մասնակցության ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ Ընկերությունը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ֆինանսական կազմակերպություն՝ ներդրումային ընկերություն։ Վերջինս հաճախորդների համար բրոքերային հաշիվներ բացելիս (վարելիս) պարտավոր է հետևել ՀՀ օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված որոշակի պահանջների և ընթացակարգերի։ Համապատասխանաբար, Ընկերությունում բրոքերային հաշիվ բացելու համար (այդ թվում՝ սույն Ակցիայի շրջանակներում) անձը, ի թիվս այլնի, պետք է անցնի համապատասխանության ստուգումներ՝ տրամադրելով Ընկերության կողմից հայցվող բավարար փաստաթղթեր/տեղեկություններ, բավարարի Ընկերության ՝ հաճախորդների համար սահմանված համապատասխանության պահանջներին, համաձայնվի բրոքերային հաշվի վարման պայմանների՝ Ընկերության հետ մտնելով պայմանագրային իրավահարաբերությունների մեջ։
ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳ
9. Սույն Պայմանների 7-րդ կետում նշված պայմանների բավարարման դեպքում՝ Բոնուսը փոխանցվում է Նոր Օգտատիրոջ բրոքերային հաշվին՝ հաշիվը բացելուց և նույնականացումն անցնելուց հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում։
10. Ակցիայի պայմանների կատարման դեպքում Բոնուսը հաշվանցվում է Նոր Օգտատիրոջ բրոքերային հաշվին որպես խրախուսական անկանխիկ մնացորդ և արտացոլվում է հավելվածում՝ «Իմ բոնուսները» բաժնում։
11. Օգտատերը հավելվածի Հաշիվ → Իմ բոնուսները բաժնում տեսնում է Բոնուսի՝
(ա) հասանելի մնացորդը,
(բ) ժամանակագրական շարժը (credit/debit), և
(գ) օգտագործման պատմությունը։
Բոլոր թվային տվյալների հավատարժան աղբյուրը Ընկերության սերվերային գրանցումներն են։
12. Բոնուսը կիրառվում է հավելվածի միջոցով թույլատրելի բրոքերային գործարքների իրականացման պահին՝ սույն Պայմաններով սահմանված նպատակներով (գործարքների միջնորդավճարների վճարում և/կամ թույլատրելի գործարքների ֆինանսավորում): Կիրառման պահից համապատասխան գումարը ավտոմատ կերպով նվազեցվում է «Իմ բոնուսները» բաժնի մնացորդից և արտացոլվում գործարքի հաշվարկներում։
13. Գործարքի հաշվարկի պահին Բոնուսը նախ կիրառվում է միջնորդավճարների/սակագների նկատմամբ, իսկ մնացած դեպքում՝ սույն Պայմաններով թույլատրելի ծախսերի նկատմամբ։ Բոնուսը չի կարող օգտագործվել սույն Պայմաններով չթույլատրելի վճարների/գործարքների համար և չի կարող փոխանցվել երրորդ անձանց։
14. Բոնուսը կարող է օգտագործվել միայն այն օգտատիրոջ կողմից, ում հաշվին այն փոխանցվել է, և բացառապես՝
Ընկերության բջջային հավելվածի միջոցով թույլատրված բրոքերային գործարքներ իրականացնելու համար,
կամ այդ գործարքների միջնորդավճարների վճարման նպատակով։
15. Բոնուսը կամ դրա մնացորդը կարող է ելքագրվել այլ բրոքերային կամ բանկային հաշիվ՝ այն ստանալուց առնվազն մեկ ամիս անց, և միայն այն դեպքում, երբ
օգտատերը տվյալ ընթացքում կատարել է առնվազն մեկ արժեթղթերի առուվաճառքի գործարք, և
համալրել է բրոքերային հաշիվը առնվազն մեկ անգամ առնվազն 10,000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով
16. Բրոքերային հաշիվը բացելուց և Բոնուսը ստանալուց հետո 60 (վաթսուն) օրվա ընթացքում սույն պայմանների 15-րդ կետում նշված գործողություններից ոչ մեկը չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի անակցեպտ կարգով ամբողջությամբ հետ գանձել օգտատիրոջ բրոքերային հաշվին փոխանցված Բոնուսը։
17. Բոնուսը չի համարվում Ընկերության կողմից դրամական պարտավորություն կամ ֆինանսական պարտք, այլ հանդիսանում է խրախուսման միջոց։ Այն անհատական է, չի կարող փոխանցվել, վաճառվել, փոխանակվել կամ պահանջվել բրոքերային հաշվի անվանատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից՝ որևէ հիմքով։
18. Բոնուսը կարող է համարվել հարկվող եկամուտ՝ ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով։ Հարկերի հաշվարկն ու վճարումը կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
19. Ընկերությունը իրավունք ունի մերժելու Բոնուսի տրամադրումը կամ չեղարկել այն, եթե․
Ակցիայի մասնակցության պայմանները չեն պահպանվել,
ներկայացված տվյալները կեղծ կամ սխալ են,
Բոնուսը (այդ թվում՝ սույն Պայմաններում սահմանված բոնուսի չափը գերազանցող գումարը՝ դրական տարբերության մասով) տրամադրվել է տեխնիկական կամ ծրագրային սխալի հետևանքով,
օգտատերը կամ երրորդ անձը Ընկերությանը խաբելու նպատակով ստեղծված հատուկ ծրագիր կամ համաձայնության է եկել այլ օգտատիրոջ հետ՝ արդյունքում խեղաթյուրելով Ակցիայի նպատակներն ու հանգեցնելով Ակցիայի սխալ կիրառման։
20. Ցանկացած վիճելի իրավիճակում հիմք են ընդունվում Ընկերության սերվերի վրա առկա տվյալները։
21. Օգտատերը կարող է բողոք կամ առարկություն ներկայացնել սույն կետի կիրառման պահից 10 օրացուցային օրվա ընթացքում։ Ավելի ուշ ներկայացված դիմումները քննության չեն ենթարկվի և չեն առաջացնի Ընկերության համար որևէ իրավական հետևանք։
22. Ընկերությունն իրավասու է չտրամադրել բոնուսները, եթե բացահայտվի, որ օգտատերը կիրառել է Ընկերությանը խաբելու նպատակով ստեղծված հատուկ ծրագիր կամ համաձայնության է եկել այլ օգտատիրոջ հետ:
ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ և ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ
23. Սույն Պայմանների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմերը։
24. Բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Պայմաններով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ներքին իրավական ակտերով։
25. Սույն Ակցիայի կամ դրա իրականացման հետ կապված ցանկացած վեճ կամ տարաձայնություն ենթակա է քննության ՀՀ իրավասու դատարանների կողմից։
Սույն փաստաթուղթը կազմվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Տարաձայնության դեպքում կիրառելի և պարտադիր մեկնաբանման ենթակա է հայերեն տարբերակը։
Թարմացվել է՝