Ակցիաներ

Ակցիաներ

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՆՑ ԿՈՐՍՏԻ» ԱԿՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ծանոթագրություն

Սույն փաստաթուղթը (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում է «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից իրականացվող «Ներդրումներ առանց կորստի» ակցիայի (այսուհետ՝ «Ակցիա») իրականացման կարգը, մասնակցության պայմանները, փոխհատուցման տրամադրման և կիրառման սկզբունքները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

Ակցիայի նպատակն է խթանել ներդրումային մշակույթի զարգացումը և ապահովել ներդրողների վստահության բարձրացումը՝ նվազագույնի հասցնելով նոր օգտատերերի կարճաժամկետ ներդրումային ռիսկերը։

Ակցիային մասնակցությունը հավասարեցվում է սույն Պայմանների ամբողջական և անվերապահ ընդունմանը։

Ընկերությանը իրավունք է վերապահվում սույն Պայմաններում կատարել փոփոխություններ կամ լրացումներ՝ դրանց հրապարակման միջոցով։ Նման փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե դրանցով այլ բան նախատեսված չէ։

1. Հիմնական հասկացություններ

1.1 Բրոքերային Հաշիվ՝ ներդրումային ծառայությունների մատուցման նպատակով հաճախորդի անունով բացված հաշիվ, որը նախատեսված է դրամական միջոցների և արժեթղթերի հաշվառման, պահառության և գործարքների կատարման համար՝ համաձայն Ընկերության հետ կնքված ներդրումային ծառայությունների պայմանագրի, Ընկերության ներքին իրավական ակտերի և ՀՀ օրենսդրության,

1.2 Նոր Օգտատեր (Մասնակից)՝ ֆիզիկական անձ, որը Ակցիայի իրականացման ընթացքում առաջին անգամ է բացում բրոքերային հաշիվ Ընկերությունում և մինչև Ակցիայի մեկնարկը չի ունեցել ակտիվ բրոքերային հաշիվ,

1.3 Ներդրումային Գործարք (Գործարք)՝ Ընկերության հավելվածի միջոցով Նոր Օգտատիրոջ կողմից կատարված ներդրում (գնման միջոցով) SPDR S&P 500 ETF Trust (SPY) արժեթղթում՝ նվազագույնը 50 (հիսուն) և առավելագույնը 1000 (հազար) ԱՄՆ դոլարի չափով,

1.4 Կորուստ (Loss)՝ Ներդրումային Գործարքի կատարմանը հաջորդող 30-րդ օրը Նոր Օգտագտատիրոջ ներդրման շուկայական արժեքի նվազումը՝ նրա կողմից կատարված սկզբնական ներդրման չափի համեմատ՝ ըստ Ընկերության հաշվառման տվյալների,

1.5 Փոխհատուցում ՝ ֆինանսական միջոց, որը սույն Պայմաններոում սահմանված կարգով տրամադրվում է Ընկերության կողմից Մասնակցին՝ գրանցված Կորստի դիմաց՝ առավելագույնը 1000 (հազար) ԱՄՆ դոլարի չափով,

1.6 Փոխհատուցման Ժամանակահատված (Պահման Ժամկետ)՝ երեսուն (30) օր՝ հաշված Ներդրումային Գործարքի կատարման օրվանից,

1.7 Ակցիայի Իրականացման Ժամանակահատված՝ 05.11.2025-ից մինչև 05.02.2026-ը ներառյալ,

1.8 SPDR S&P 500 ETF Trust (SPY) արժեթղթ (Արժեթուղթ)՝ Այն արժեթղթերը, որոնք նշված են Ընկերության բջջային հավելվաշի համապատասխան բաժնում հրապարակված ցանկում։

2. Ակցիայի իրավական բնույթը

2.1 Ակցիան հանդիսանում է Ընկերության կողմից սահմանափակ ժամկետով իրականացվող խթանող ծրագիր և չի կարող մեկնաբանվել որպես Ընկերության կողմից՝

• ներդրումային խորհրդատվության տրամադրում,

• ապահովագրական ծառայության մատուցում կամ

• երաշխավորված եկամտաբերությամբ ներդրման առաջարկ։

2.2 Սույն Պայմանները չեն փոխարինում և չեն փոփոխում Ընկերության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման հիմքով գործող պայմանագրերով (պայմաններով) կարգավորվող հարաբերությունները, այլ կիրառվում են բացառապես որպես լրացուցիչ, ժամանակավոր խրախուսական նախաձեռնություն։

2.3 Ակցիայի շրջանակներում Ակցիային մասնակցող Նոր Օգտատերը ձեռք է բերում պայմանական իրավունք՝ ստանալու փոխհատուցում Կորուստ գրանցելու դեպքում՝ բացառապես սույն Պայմաններում նշված նախապայմանների առկայության դեպքում։

3. Մասնակցության պայմաններ

3.1 Ակցիային կարող է մասնակցել այն ֆիզիկական անձը, որը՝

• Ընկերության հավելվածի կամ այլ պաշտոնական հարթակի միջոցով բացել է բրոքերային հաշիվ,

• համալրել է իր բրոքերային հաշիվը առնվազն 50 (հիսուն) ԱՄՆ դոլարի չափով,

• կատարել է Ներդրումային Գործարք SPDR S&P 500 ETF Trust (SPY) արժեթղթում՝ նվազագույնը 50 (հիսուն) և առավելագույնը՝ 1000 (հազար) ԱՄՆ դոլարի չափով,

• պահպանել է կատարված ներդրումը՝ Ներդրման Գործարքի շրջանակներում ձեռքբերված արժեթղթերը՝ ձեռքբերումից հետո 30 օրվա ընթացքում չի վաճառել կամ այլ կերպ դրանց նկատմամբ իրավունքները չի փոխանցել երրորդ անձանց, SPDR S&P 500 ETF Trust (SPY) արժեթղթերի լրացուցիչ գնում չի իրականացրել։

3.2 Ակցիայի մասնակցության իրավունքը ինչպես նաև մասնակցության արդյունքում ձեռք բերված իրավունքները անհատականացված են և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։

3.3 Ակցիայի Իրականացման Ժամանակահատվածում յուրաքանչյուր Նոր Օգտատեր կարող է մասնակցել միայն մեկ անգամ։

4. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

4.1 Ընկերությունը պարտավոր է՝

• ապահովել Ակցիայի իրականացումը և հավասար հասանելիությունը բոլոր պոտենցիալ մասնակիցների համար,

• իրականացնել պայմանների պահպանման մշտադիտարկում,

• հաշվարկել կորուստի չափը՝ հիմք ընդունելով իր հաշվառման համակարգերի և շուկայական տվյալների ճշգրիտ ցուցանիշները,

• փոխանցել փոխհատուցման գումարը Մասնակցի բրոքերային հաշվին՝ Պայմանների 5-րդ բաժնի համաձայն։

4.2 Ակցիայի մասնակիցը պարտավոր է ՝

• լիարժեքորեն պահպանել սույն Պայմանների բոլոր դրույթներն ու պահանջները,

• ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել Ակցիայի ընթացակարգերի շրջանցման, տեխնիկական միջամտության կամ կեղծ տվյալների ներկայացման,

• ընդունել Ընկերության հաշվարկային և սերվերային տվյալները որպես կորուստների և փոխհատուցման չափի որոշման գերակա, պարտադիր և վերջնական հիմք։

5. Փոխհատուցման տրամադրման և կատարման կարգ

5.1 Փոխհատուցման իրավունքը առաջանում է միայն այն դեպքում, երբ.

• Ակցիայի մասնակիցը պահպանել և կատարել է Ակցիայի մասնակցության բոլոր պայմանները,

• Գործարքի իրականացմանը հաջորդող 30-րդ օրվա դրությամբ արժեթղթի արժեքը (ըստ Ընկերության հաշվարկային և սերվերային տվյալների) նվազել է։

5.2 Փոխհատուցման չափը որոշվում է Կորուստի փաստացի չափով՝ բայց ոչ ավելի քան 1000 (հազար) ԱՄՆ դոլար։

5.3 Փոխհատուցումը տրամադրվում է դրամական ձևով՝ մուտքագրելով համապատասխան գումարը Մասնակցի բրոքերային հաշվին՝ Պահման ժամկետի ավարտից հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։

5.4 Ընկերությունը պարտավոր չէ փոխհատուցում տրամադրել, եթե Կորուստը առաջացել է արժեթղթերի վաճառքի (դրա նկատմամբ իրավունքների այլ կերպ երրորդ անձանց փոխանցման), Ակցիայի մասնակցի կողմից մասնակցության պահանջների չպահպանման կամ Ակցիայի մասնակցի այլ գործողությունների հետևանքով։

5.5 Փոխհատուցման հաշվարկը և դրա չափի հաստատումը կատարվում են Ընկերության հաշվառման համակարգերի տվյալների հիման վրա, որոնք հանդիսանում են պարտադիր և անվիճելի։

5.6 Մասնակիցը կարող է ներկայացնել առարկություն փոխհատուցման չափի կամ չտրամադրման վերաբերյալ՝ գրավոր ձևով՝ ոչ ուշ, քան փոխհատուցման կատարման (այդ թվում նաև՝ փաստացի կատարման) կամ մերժման մասին ծանուցում ստանալուց հետո ՝ 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում

6. Սահմանափակումներ և բացառություններ

6.1 Ընկերությունը իրավունք ունի մերժելու կամ չեղարկել փոխհատուցման տրամադրումը, եթե.

• Ակցիայի մասնակցի կողմից Ընկերությանը ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը կեղծ, սխալ կամ թերի են,

• հայտնաբերվել է Ակցիայի կանոնների խախտում, Ընկերության կողմից կիրառվող համակարգերի շրջանցում (կամ շրջանցման փորձ) կամ այլ ձևով չարաշահում,

• Ներդրումը չի համապատասխանում սույն Պայմաններով սահմանված արժեթղթերի կամ չափերի պահանջներին,

• խախտվել են սույն Պայմանների պահանջները կամ սահմանված ժամկետները։

6.2 Նման դեպքերում Ակցիայի մասնակիցը զրկվում է Ակցիայի շրջանակներում վերապահված բոլոր իրավունքներից, իսկ Ընկերությունը ազատվում է ցանկացած պարտավորությունից։

7. Փոխհատուցման բնույթը

7.1 Ակցիայի շրջանակներում տրամադրվող փոխհատուցումը կարող է համարվել հարկվող եկամուտ։

7.2 Փոխհատուցումը չի հանդիսանում ներդրումային եկամուտ կամ Ընկերության կողմից կամ այլ կերպ երաշխավորված եկամտաբերություն։

8. Պատասխանատվության սահմանափակում և վեճերի լուծման կարգ

8.1 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում շուկայի տատանումների, արժեթղթերի գների փոփոխությունների, ինչպես նաև Ակցիայի մասնակցի այլ ներդրումային գործողությունների հետևանքով առաջացած կորուստների համար։

8.2 Ակցիայի շրջանակներում կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում։

9. Պայմանների լեզուն

Սույն Պայմանները կազմվել են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին։

Թարմացվել է՝