Բլոգ

news

Ձեր պորտֆոլիոյի կլիմա-կոնտրոլը

Կլիմայական ռիսկերը դառնում են երկարաժամկետ ներդրումային ամենակարևոր թեմաներից մեկը։ Եվրոպան արդեն իսկ բախվում է անոմալ շոգերի (տապի ալիքների) հետ, որոնք նվազեցնում են արտադրողականությունը, մեծացնում էլեկտրաէներգիայի սպառումը և լրացուցիչ բեռ են ստեղծում պետական բյուջեների համար։ Բացի այդ, Էլ Նինյո (El Niño) կլիմայական երևույթը պաշտոնապես վերադարձել է և, ինչպես սպասվում է, կուժեղանա 2026 թվականի ընթացքում։ ԱՄՆ Կլիմայի կանխատեսման կենտրոնի (US Climate Prediction Center) գնահատմամբ՝ 63% հավանականություն կա, որ մինչև 2027 թվականի սկիզբն այն կվերածվի չափազանց ուժեղ երևույթի՝ «սուպեր Էլ Նինյոյի»։

6 րոպե

Կլիմայական ռիսկերը դառնում են երկարաժամկետ ներդրումային ամենակարևոր թեմաներից մեկը։ Եվրոպան արդեն իսկ բախվում է անոմալ շոգերի (տապի ալիքների) հետ, որոնք նվազեցնում են արտադրողականությունը, մեծացնում էլեկտրաէներգիայի սպառումը և լրացուցիչ բեռ են ստեղծում պետական բյուջեների համար։ Բացի այդ, Էլ Նինյո (El Niño) կլիմայական երևույթը պաշտոնապես վերադարձել է և, ինչպես սպասվում է, կուժեղանա 2026 թվականի ընթացքում։ ԱՄՆ Կլիմայի կանխատեսման կենտրոնի (US Climate Prediction Center) գնահատմամբ՝ 63% հավանականություն կա, որ մինչև 2027 թվականի սկիզբն այն կվերածվի չափազանց ուժեղ երևույթի՝ «սուպեր Էլ Նինյոյի»։

Էլ Նինյոն պարբերաբար կրկնվող կլիմայական երևույթ է՝ առաջացած Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում մակերևութային ջրերի անոմալ տաքացմամբ։ Այն փոխում է եղանակային պայմանները աշխարհի շատ տարածաշրջաններում՝ սովորաբար երաշտներ առաջացնելով Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մեծացնելով ջրհեղեղների ռիսկը Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում և Արևելյան Աֆրիկայում։

Նման կլիմայական փոփոխություններն ունակ են խաթարել գյուղատնտեսական արտադրությունը, մեծացնել էներգետիկ ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը, նվազեցնել արտադրողականությունը, ազդել հումքային ապրանքների գների ու ընկերությունների ֆինանսական արդյունքների վրա, ինչպես նաև ուժեղացնել ինֆլյացիոն ճնշումը։

Ներդրողները, ցանկալի է, հաշվի առնեն եղանակային պայմանների նկատմամբ առավել զգայուն ոլորտների ռիսկերը և այն երկարաժամկետ ներդրումային հնարավորությունները, որոնք ի հայտ են գալիս գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքով։

Գյուղատնտեսական ապրանքներ

Էքստրեմալ եղանակի շոշափելի հետևանքներից մեկը գյուղատնտեսական հումքի շուկայում տատանողականության աճն է։ Երաշտները, ջրհեղեղները և բերքատվության անկումն ուղղակիորեն անդրադառնում են պարենամթերքի համաշխարհային գների վրա։ Այս թրենդի վրա «խաղադրույք» կատարելու ամենաուղիղ ճանապարհը ներդրումներն են գյուղատնտեսական ապրանքներում կամ դրանց արժեքին հետևող ֆոնդերում։

🧁Շաքարավազ՝ Teucrium Sugar Fund (CANE US)․ սա ETF է, որը տնօրինում է ICE № 11 շաքարավազի ֆյուչերսային պայմանագրեր՝ մարման տարբեր ժամկետներով՝ ապահովելով հասանելիություն ֆյուչերսների վրա հիմնված շաքարավազի գներին։

☕Կակաո՝ WisdomTree Cocoa (COCO LN)․ բորսայական հումքային գործիք է (ETC), որը թույլ է տալիս ներդրումներ կատարել կակաոյի մեջ՝ առանց այն ֆիզիկապես գնելու անհրաժեշտության։ Այն հետևում է կակաոյի ֆյուչերսների դինամիկային, ուստի դրա արժեքը սովորաբար աճում կամ նվազում է կակաոյի գներին զուգահեռ։

🌾Invesco DB Agriculture Fund (DBA US). ֆոնդ է, որը թույլ է տալիս մեկ գնումով միանգամից ներդրում կատարել գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու մեջ։ Այն ներդրումներ է անում այնպիսի մշակաբույսերի ֆյուչերսներում, ինչպիսիք են եգիպտացորենը, սոյան, ցորենը, շաքարավազը, կակաոն, սուրճը, բամբակը և անասնաբուծական արտադրանքը, ուստի դրա արժեքը կախված է ընդհանուր գյուղհումքի համաշխարհային գների փոփոխությունից։ Նման ֆոնդը կարող է հարմար լինել այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են «խաղադրույք» կատարել սննդամթերքի գների աճի, կլիմայական ռիսկերի կամ Էլ Նինյոյի նման երևույթների հետևանքների վրա՝ առանց առանձին ապրանք ընտրելու։ Այսինքն՝ «խաղադրույք» է կատարվում այն բանի վրա, որ կլիմայի փոփոխությունը կհանգեցնի տատանողականության և գյուղհումքի միջին գների կառուցվածքային աճի առաջիկա 5-10 տարիների ընթացքում։

Գյուղատնտեսության արդյունավետություն

Եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց՝ ֆերմերները ստիպված են ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել բերքատվության բարձրացման և գյուղատնտեսության կայունության ապահովման մեջ։ Սա մեծացնում է պարարտանյութերի, ժամանակակից սերմերի և բույսերի պաշտպանության միջոցների պահանջարկը։

1783402738177-image.png

Nutrien (NTR US). կալիումական պարարտանյութերի խոշոր արտադրող և ազոտական ու ֆոսֆատային պարարտանյութերի, ինչպես նաև ֆերմերների համար մանրածախ ցանցի միջոցով գյուղատնտեսական ապրանքների առաջատար մատակարարներից մեկն է։ Ընկերության աճի հիմնական խթաններից են՝ պարենամթերքի համաշխարհային կայուն պահանջարկը, որոշ երկրներում կալիումական պարարտանյութերի ցածր պաշարները, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում ցածր ծախսատարությամբ արտադրական կարողությունների բարձր մասնաբաժինը։ Լրացուցիչ առավելություն է դիվերսիֆիկացված բիզնեսը, որն ավելի քիչ է կախված մեկ տեսակի պարարտանյութի գնից։ Հիմնական ռիսկերը կապված են պարարտանյութերի գների անկման, ծծմբի և ամոնիակի բարձր ծախսերի, ֆերմերների կողմից պահանջարկի թուլացման և համաշխարհային առևտրի վրա ազդող աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։

1783402745995-image.png

Corteva Agriscience (CTVA US). սերմերի և բույսերի պաշտպանության միջոցների համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկն է, որը գործում է ավելի քան 110 երկրներում։ Ընկերության աճի հիմնական խթաններն են նոր բարձրաբերք սերմերի մշակումը, բիոլոգիական պաշտպանության միջոցների զարգացումը, սեփական գենետիկական տեխնոլոգիաների լիցենզավորումից ստացվող եկամուտների աճը և բիզնեսի առաջիկա բաժանումը երկու անկախ ընկերությունների (Seed և Crop Protection), ինչը կարող է բացահայտել ակտիվների իրական արժեքը: Երկարաժամկետ աճին լրացուցիչ աջակցություն կարող են ցուցաբերել գենոմի խմբագրման տեխնոլոգիաների տարածումը, սննդամթերքի և կենսավառելիքի պահանջարկի աճը, ինչպես նաև հիբրիդային ցորենի օգտագործման ընդլայնումը։ Առանցքային ռիսկերն են հումքի և լոգիստիկայի ծախսերի աճը, ջեներիկներ (պատճենված դեղամիջոցներ/նյութեր) արտադրողների կողմից մրցակցության սրումը և նոր ապրանքների շուկա դուրսբերման հնարավոր ուշացումները, ընկերության բաժանման հետ կապված ծախսերն ու անորոշությունը, ինչպես նաև բնապահպանական և կարգավորող պարտավորությունները։

Սառեցման և ջրամատակարարման սարքավորումներ

Ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է էներգահամակարգերի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ պահանջում է հզոր սառեցման և ջրամատակարարման համակարգեր։ Հետևաբար, կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ շահառուներ կարող են դառնալ նաև սառեցման և ջրամատակարարման սարքավորումներ մատակարարող ընկերությունները։ Բացի այդ, այս ընկերությունները կարող են շահել տվյալների կենտրոնների զանգվածային շինարարությունից։

1783402754921-image.png

Trane Technologies (TT US). տաքացման, օդափոխության և օդորակման (HVAC) համարգերի, ինչպես նաև Trane և Thermo King բրենդների ներքո տրանսպորտի համար նախատեսված սառնարանային սարքավորումների համաշխարհային լիդերներից է։ Ընկերության աճի հիմնական խթաններից են՝ էներգաարդյունավետ սառեցման համակարգերի աճող պահանջարկը, տվյալների կենտրոնների արագ զարգացումը, կլիմայի փոփոխության պատճառով ջերմաստիճանի բարձրացումը և սպասարկման բիզնեսի բարձր մասնաբաժինը, որն ապահովում է կայուն, կրկնվող հասույթ։ Ընկերությունը շահում է նաև կոմերցիոն շենքերի արդիականացումից և էներգաարդյունավետության պահանջների խստացումից։ Հիմնական ռիսկերը կապված են բաժնետոմսերի բարձր գնահատման (մուլտիպլիկատորների), շինարարության դանդաղման, նոր պատվերների տեմպերի նվազման և ընդհանուր տնտեսական ակտիվության վատթարացման հետ։

1783402762601-image.png

Carrier Global (CARR US)․ տաքացման, օդափոխության և օդորակման համակարգերի, ջերմային պոմպերի, տրանսպորտային սառնարանային սարքավորումների և շենքերի կառավարման խելացի համակարգերի արտադրող է։ Աճի հիմնական խթաններն են՝ տվյալների կենտրոններում ներդրումների ավելացումը, էներգաարդյունավետ կլիմայական լուծումների, ջերմային պոմպերի և թվային ծառայությունների պահանջարկի աճը, ինչպես նաև բիզնեսի ընդլայնումը Viessmann-ի ձեռքբերումից հետո։ Լրացուցիչ առավելություն է սպասարկման հասույթի բարձր մասնաբաժինը, որն ապահովում է կայուն դրամական հոսքեր։ Հիմնական ռիսկերը կապված են ԱՄՆ-ում և Եվրոպայում կենցաղային օդորակման համակարգերի թույլ պահանջարկի, շինարարական շուկայից բարձր կախվածության, ինչպես նաև արտադրանքի ինքնարժեքի վրա սակագների ու ինֆլյացիայի ազդեցության հետ։ Ընկերությունը բախվում է նաև ձեռք բերված ակտիվների ինտեգրման ռիսկերին և կլիմայական սարքավորումների շուկայում մրցակցության սրմանը։

1783402771315-image.png

Johnson Controls (JCI US). կոմերցիոն շենքերի ինժեներական համակարգերի ոլորտում համաշխարհային լիդերներից է, որն առաջարկում է օդորակման, շենքերի ավտոմատացման, հակահրդեհային պաշտպանության, անվտանգության համակարգերի սարքավորումներ և OpenBlue թվային հարթակը։ Ընկերությունը կենտրոնանում է կոմերցիոն անշարժ գույքի սպասարկման վրա։ Աճի հիմնական խթաններն են տվյալների կենտրոնների թռիչքաձև շինարարությունը, խելացի և էներգաարդյունավետ շենքերի զարգացումը, ապաածխացնումը (դեկարբոնիզացիա), ինչպես նաև օպերացիոն արդյունավետության բարձրացման լայնածավալ ծրագիրը։ Հիմնական ռիսկերը կապված են կոմերցիոն անշարժ գույքի և տվյալների կենտրոնների շինարարության հնարավոր դանդաղման, մրցակցության սրման, ինչպես նաև այն ռիսկի հետ, որ օպերացիոն արդյունավետության բարելավումը կարող է սպասվածից թույլ լինել։

1783402778895-image.png

Xylem (XYL US)․ ջրային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային լիդերներից է, որն արտադրում է սարքավորումներ, ծրագրային ապահովում և ծառայություններ կոմունալ ձեռնարկությունների ու արդյունաբերության համար ջրամատակարարման, մաքրման, տեղափոխման և մոնիթորինգի ուղղությամբ։ Աճի հիմնական խթաններն են՝ ջրային ենթակառուցվածքներում երկարաժամկետ ներդրումների ավելացումը, ջրի դեֆիցիտի (պակասուրդի) դեմ պայքարը, ջրի մաքրումը, ջրային ցանցերի թվայնացումը և տվյալների կենտրոնների կողմից աճող պահանջարկը։ Հիմնական ռիսկերը կապված են ենթակառուցվածքային նախագծերի հետաձգման, ջրի խելացի հաշվիչների պահանջարկի դանդաղման, ջրային ենթակառուցվածքների վրա պետական ծախսերի հնարավոր կրճատման և մրցակցության սրման հետ։

Բոլոր հոդվածները

Թարմացվել է՝